Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Մեր տարածքները հարուստ են թե՛ պատմական հուշարձաններով, թե՛ բնության հուշարձաններով, թե՛ ագրոտուրիզմին ու էկոտուրիզմին բնորոշ երևույթներով»

«Մեր տարածքները հարուստ են թե՛ պատմական  հուշարձաններով, թե՛ բնության    հուշարձաններով,  թե՛ ագրոտուրիզմին ու էկոտուրիզմին բնորոշ երևույթներով»
08.05.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» անտառային գիտափորձարարական կենտրոնի տնօրեն, բնական գիտությունների դոկտոր ԱՆԴՐԱՆԻԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆԸ:


-Պարո՛ն Ղուլիջանյան, Ձեր ղեկավարած «Զիկատար» կենտրոնը երեք օր շարունակ իր հյուրընկալ հարկի ներքո մեծ ջերմությամբ ընդունեց և պատվեց տարբեր լրատվամիջոցների, բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների, բնապահպանության և անտառոլորտի մասնագետների խմբին: Խոսենք «Զիկատարի» պատմության և եռօրյա այս գիտաժողովի նպատակների մասին:

-Սկսած 2002 թվականից Հայաստանում իրականացվում են անտառային և բնապահպանական խնդիրներին ուղղված սեմինարներ, ուսուցողական ծրագրեր: Նախկինում դրանք իրականացվում էին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի միջոցներով: Այդ ծրագիրն ուներ անտառի բաղադրիչ, բնության հատուկ պահպանության ենթակա տարածքների բաղադրիչ: Այդ բաղադրիչներին վերաբերող հարցերը միշտ քննարկվում էին սեմինարների ժամանակ: Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը միացավ այս նախագծին, և դրվեց ուսուցումների խնդիրը: Քանի որ մենք չունեինք համապատասխան տարածք, սկսեցինք որոնել տարբերակներ: Հնարավոր տարբերակների թվում քննարկվում էին Պարզ լիճը, Ծաղկաձորը, ինչպես և Զիկատարը: Զիկատարում 1970-ականներին եղել է գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հենակետը: Այստեղ միայն փոքր քոթեջներ էին, որ 1990-ականներից հետո գտնվում էին կիսաքանդ վիճակում: Երբ միջազգային փորձագետները գալիս էին Զիկատար, առաջին խոչընդոտը նրանց համար դառնում էր ճանապարհի բացակայությունը: Դա վանում էր մարդկանց: Մեծ ջանքերի գնով մենք հաստատեցինք Զիկատարը գիտափորձարարական կենտրոնի վերածելու ծրագիրը, և 2007-ին կառույցը ստացավ այսօրվա տեսքը: Անտառհետազոտողների միջազգային կազմակերպությունը, որն զբաղվում է անտառագիտական խնդիրներով և ամեն տարի որևէ երկրում անցկացնում է անտառագիտական սեմինար, 2006-ին նման սեմինար կազմակերպեց Ստամբուլում, որին նաև մենք մասնակցեցինք: Այնտեղ էլ որոշվեց, որ «Զիկատարի» բացման տարում` 2007-ին, պիտի հերթական սեմինարն անցկացվի հենց այստեղ: Սա ԱՊՀ երկրների տարածքում առաջին սեմինարն էր: Երեսուն երկրից քառասուներկու մասնագետ անտառագետ մասնակցեց մեր սեմինարին: Այնուհետև սկսվեց մեր գործունեության ավելի բուռն շրջանը: Ֆինանսական ճգնաժամը մեզ մի քիչ խանգարեց: Բայց հիմա կարծես թե հաղթահարում ենք դժվարությունները: Մենք հիմա պատրաստված մասնագետների մեծ պահանջ ունենք: Այս տարածքում կատարված աշխատանքների արդյունքում չորս երիտասարդ շատ կարճ ժամանակամիջոցում պաշտպանեց թեկնածուական դիսերտացիա: Այսինքն` ի հայտ է եկել անտառագետների նոր սերունդ: Բայց սա բավարար չէ: Յուրաքանչյուր տարի տասնյակներով ու հարյուրներով բնապահպանության, անտառի ոլորտի մասնագետ շրջանավարտներ են տալիս բուհերը, սակայն մեր վիճակը չի փոխվում: Խորհրդային տարիներին մասնագետները յուրաքանչյուր հինգ տարին մեկ անցնում էին վերապատրաստման դասընթացներ: Այդ մեխանիզմը հիմա չի գործում: Եվ այդ ընդհատումը շատ ծանր է անդրադառնում մեր աշխատանքների վրա: Մեր անտառը, բնությունը շատ են տուժել վերջին տարիներին: Կորուստները վերականգնել է պետք: Եվ այդ խնդիրը պիտի լուծեն ուսուցանված, բանիմաց մարդիկ: Այսօր, փա՜ռք Աստծո, մի փոքր շտկվել է ֆինանսական վիճակը, և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընձեռել է մեզ Զիկատարում երեք սեմինար կազմակերպելու ու դրանց նաև լրատվամիջոցների և համապատասխան ՀԿ-ների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու հնարավորություն: Վերջին հինգ տարում համայնքային անտառկառավարման խնդիրները շատ են արծարծվում: Փորձ է արվում հասկանալու, թե ինչ ճակատագրի պիտի արժանանան նախկինում գոյություն ունեցող համայնքային անտառները: Պիտի վերադարձվեն համայնքների՞ն, մի բան, որ շատ համայնքներ պահանջում են, թե՞ ոչ: Այս հարցերը պիտի լրջորեն քննարկվեն: Կովկասի բնապահպանական կենտրոնն իրականացնում է համայնքային անտառկառավարման ծրագիրը: Ընտրվել է երկու համայնք` Կողբը և Ջուջևանը: Մինչ այդ` 12 համայնքներում իրականացվել էր բնական պաշարների կառավարման ծրագիրը: Բայց ընթացք չէր ստացել: Այս երկու համայնքներում` Կողբում և Ջուջևանում, հենց բնակիչներն ստեղծել են շահույթ հետապնդող անտառկառավարման ՍՊԸ: Այդ բանից հետո ենթադրվում են համայնքային անտառների հետ համապատասխան աշխատանքներ, կոնցեսիոն կառավարման հիմունքների հաստատում, պայմանագրերի կնքում: Ներկայումս Կողբում` 20, Ջուջևանում 9 հեկտար անտառ է տնկվել: Սա քիչ չէ, և հիմա էլ խնամքի աշխատանքներ են իրականացվում: Կարծես թե ծրագրի ավարտական փուլին ենք հասել: Տեսնենք, թե հետագայում ինչ կստացվի: Մեր համայնքները դոտացիայի վրա են նստած, սեփական եկամուտները չնչին են: Քայքայված անտառը եկամտաբեր չէ: Բայց այստեղ առկա է բնապահպանական եկամուտը, որը մենք այսօր դեռ չենք կարողանում արժևորել: Անտառն իր բնապահպանական ֆունկցիաներն ունի: Դրանց շնորհիվ բնական մթնոլորտն է բարելավվում, կենսաբազմազանության համար պայմաններ են ստեղծվում, ջրային խնդիրների, հակաէրոզիոն երևույթների հարցերն են լուծվում: Մենք այս եռօրյայի ընթացքում անդրադարձանք տարբեր թեմաների` կայուն կառավարման խնդիրներ, համայնքային կառավարում (ներկայացված երկու համայքների` Կողբի և Ջուջևանի օրինակով), անտառի կողմնարդյունքին վերաբերող հարցեր, էկոտուրիզմի զարգացման հեռանկարներ:

-Էկոտուրիզմի մասին պետական օրենք չկա, փաստորեն: Այդ խնդրին անդրադարձան եռօրյա սեմինարի համակազմակերպիչները` «Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոն» հիմնադրամի մասնագետները: Ի՞նչ ժամանակահատվածում կլուծվի այս խնդիրը:

-Խնդիրն այնքան օրենքի ուժ ստանալը չէ, որքան ռեալ հնարավորությունների ապահովումն և դրանց օգտագործումը: Եթե օրենք կա ընդհանուր տուրիզմի վերաբերյալ, էկոտուրիզմն էլ պիտի դիտել այդ դաշտում, որովհետև այն տուրիզմի մի տարատեսակն է: Կա ագրոտուրիզմ հասկացությունը, երբ զբոսաշրջիկները ցանկանում են լինել գյուղերում ու տեսնել հաց թխելու, կով կթելու, պանիր պատրաստելու և այլ պրոցեսներ: Էկոտուրիզմն էլ իր առանձնահատկություններն ունի: Մեզ համար ավելի ճիշտ է մտածել համալիր տուրիզմի մասին: Մեր տարածքները հարուստ են թե՛ պատմական հուշարձաններով, թե՛ բնության հուշարձաններով, թե՛ ագրոտուրիզմին ու էկոտուրիզմին բնորոշ երևույթներով: ՈՒրեմն, մենք պիտի չշեշտադրենք օրենքի ընդունումը, այլ պիտի կարողանանք օգտագործել մեր ունեցած ռեալ հնարավորությունները: Մենք, օրինակ, ստեղծել ենք անտառային պտուղների ընդունման կետ, որով կանոնակարգվում է գյուղացի-վերամշակող կապը: Ստեղծել ենք նաև էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն (նման կենտրոն ստեղծվել է նաև Դսեղում), որը նպաստում է թե՛ «Զիկատարի» գործունեությանը, թե՛ համայնքի:

-Մենք ծառատունկ իրականացրինք Զիկատարի տարածքում: Իհարկե, լրագրողներիս մասնակցությունը խորհրդանշական էր, հիմնական գործը մասնագետներն արեցին: Քանի՞ ծառ տնկվեց, ի՞նչ տնկիներ էին դրանք:

-Բնական է, որ գործնական ուսուցումների ժամանակ նաև ծառատունկ է արվում: Տնկվեց 200 ծառ` ընկուզենի, շագանակենի և վայրի տանձենի: Կարծում եմ, որ բոլորն էլ հաճույքով մասնակցեցին ծառատունկին:

-Ես, գոնե, մեծ հաճույքով տնկեցի իմ բաժին տունկը` վայրի տանձենին: Եվ կցանկանայի իմանալ, թե քանի տարի հետո հնարավոր կլինի վայելել դրա բերքը:

-Սովորաբար շագանակենու պտուղները հայտնվում են 5-6, ընկուզենունը` 10, վայրի տանձենունը` 10-12 տարի հետո: Ամեն բան խնամքից է կախված: Ինչքան լավ խնամես, այնքան շուտ կտեսնես արդյունքը:

-Զիկատարում հաջորդ սեմինարը ե՞րբ կլինի, կմասնակցե՞ն դրան լրագրողները:

-Արդեն մտածում ենք այդ մասին: Եթե լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանեն մեր գործունեությունը, դա կխթանի հաջորդ սեմինարների կազմակերպման գործը:

-Վստահ եմ, որ եռօրյա այս գիտաժողովը լուսաբանող իմ հրապարակումները կարդացող ամեն ոք, իհարկե, նաև լրատվադաշտի ներկայացուցիչները շահագրգռված կլինեն գալ Զիկատար և վայելել Զիկատար անունով հրաշքը: Մնում է միայն հավատալ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հետևողական կլինի նմանօրինակ ողջունելի ձեռնարկումների հարցում, կապահովի գիտաուսումնական ծրագրերի շարունակականությունը «Զիկատար» կենտրոնում և, իհարկե, չի մոռանա դրանց մասնակից դարձնել լրատվադաշտի ներկայացուցիչներին։

-Մենք շատ ուզում ենք լսել հենց ձեզ նման մարդկանց կարծիքը, ոչ թե հանդես գալ զեկուցումներով, այլ զրույց-քննարկում անել, լսել, հասկանալ, թե ինչ եք մտածում մեր կենտրոնի, այստեղ կատարվող աշխատանքների մասին: Ինչպես տեսնում եք, մեր աշխատանքներում ընդգրկել ենք նաև համայնքի բնակիչներին, որպեսզի նրանք ևս իրազեկվեն մեր անելիքներին և հայտնեն իրենց տեսակետները: Նրանք էլ ունեն ուշադրության կարիք, թող տեսնեն, որ մեզ համար կարևոր են նրանց ներկայությունը և մասնակցությունը:


Զրույցը`

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ